Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ի «հանուն հավատքի և հայրենյաց» ազատագրական պատերազմի (Վարդանանց պատերազմ) առաջնորդն է: Մեծարվել է Քաջ Վարդան և Կարմիր Վարդան պատվանուններով:
Վարդան
Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի
դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան
նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով
ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին
մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան
նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության
անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի
զորքերի սպարապետ: Պարսից
Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի
հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ: Հազկերտ II-ը 449 թ-ին
հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել
զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ
Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի
կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի
վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից
իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի
սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը: Հազկերտ
II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ
Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ
ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել
մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները
վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը: Ռազմական
դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թ-ի սկզբին նա
օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն
մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին
սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող
զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում
պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին,
ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել
է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և
փոխօգնության դաշինք կնքել հոների հետ: 450
թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց
տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված
ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և
հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և
նախապատրաստվել վճռական մարտի: Ճակատամարտը
տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան
Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ
դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի
ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության
ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և
որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին
զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած
պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները: Արթուր Մանուկյան
|